GANDZASAR.AM

Գլխավոր   «Հասան-Ջալալյաններ» հիմնադրամ   ԳԱՆՁԱՍԱՐ-770   Հասան Ջալալ   Գանձասարի պարսպի խնդիրները

 


ՆԱԽԱԳԻՏԵԼԻՔ

      Հայոց Արևելից կողմանքի պատմական տարածքների վրա տիրակալ էր կարգված Հաբեթյան Հայկի ժառանգ Սիսակից սերված անվանի ու քաջ Առանը՝ «առաջինը բոլոր մտավոր և հանճարեղ գործերում» (Մովսես Խորենացի, «Հայոց պատմություն»)։ Երկիրը նրա անունով կոչվում է Առանք՝ Առանի երկիր։
      Առանը անուշ, քաղցր բարքի տեր, շատ գեղեցիկ ու զորավոր տիրակալ էր և նրան կոչում էին աղու (քաղցր) Առան։ Եվ այսպես, երկիրն էլ անվանվեց աղու Առանի երկիր՝ Աղու-Առանք։ Գործածության մեջ, ժամանակի ընթացքում, Աղուառանքի դժվարահունչ առ-ը մեջ տեղից սղվում է և մնում է հեշտ արտասանվող Աղու-անքը՝ Աղուանք։
      Մ.Խորենացու ծագումնաբանական ճյուղագրությունը հաստատում է, որ Առանի իշխանական-նախարարական տները պարսկական տիրապետության օրերում, պարսկերենի ազդեցությամբ, կոչվեց Առանշահիկ, որ նշանակում է՝ Առանի տիրակալ, իսկ նրանց ժառանգները՝ Առանշահիկներ՝ Առանի տերեր։
      Այս թագավորական, իշխանական-նախարարական տները Մովսես Կաղանկատվացու կողմից ճանաչված է «զնախնական ազգս Հայկազնեաց զԱռանշահիկս» (Մ.Կաղանկատվացի, էջ 386)։ Իսկ Կ.Գանձակեցին գրում է. «Ի զարմից Հայկայ, յազգականութենէն Առանայ»։
      Առանշահիկների տոհմը Հայկական թագավորական տոհմ է, և տիրություն էր անում Արցախում, Ուտիքում (Գարդմանք), Գուգարքում, Ծովդքում (Աովդք, Զոդ) և մյուս տարածքներում։
      ժամանակի ընթացքում Աղու Առանքը տրոհվում է ներքին թշնամիների ձեռնարկած դավերի ու մեքենայությունների հետևանքով, և Առանշահիկների տիրապետությունը կենտրոնանում է Արցախ ամուր նահանգում, իսկ տիրապետության կենտրոնը համարվում է Մեծառանքը, որի անվանումը միջին դարերում փոխարինվում է Խաչենով և տիրապետող է դառնում հատկապես Հասան Ջալալյանների օրոք։
      Առանշահիկ Վախթանգյան արքայատունը 1214 թվականից, հոր՝ Վախթանգ Տանգիկի ու Մեծ պապի՝ Հաթերքի տեր Վախթանգ Մեծի մահից հետո, գլխավորում է Հասան Ջալալ Դոլան։ Իսկ 1216 թ. նա դառնում է ամբողջ տարածքի գահակալն ու հռչակվում «Արցախի թագավոր», «արքա»։ Եվ, այդ ժամանակից էլ, նրա ժառանգները կոչվում են Ջալալենց, իսկ տոհմը անվանվում է նրա անունով՝ Հասան Ջալալեանք։
      Արտակարգ առնական գեղեցկության տեր, բարեպաշտ, թագավորական տան զավակ Հայկազի անունը արաբերենի ազդեցությամբ դառնում է Հասան Ջալալ Դոլա։
Հասան     -     գեղեցիկ
Ջալալ     -     փառք, վեհություն, մեծություն
Դոլա     -     հարստություն, պետություն, իշխանություն
      Ջալալ Դոլայի մայրը, ինչպես հայտնի է, Աարգիս ամիրսպասալարի (Բագրատունիների տոհմ) դուստր, Զաքարե և Իվանե ամիրսպասալարների քույր Խորիշահն է, որը որդու՝ Ջալալի հետ սկսելով Գանձասարի եկեղեցու կառուցումը, մեկնում է Երուսաղեմ՝ ուխտագնացության, բարեգործություններ անելով օգնում է աղքատներին և այնտեղ էլ մահանում։
      Ինչպես որդի Ջալալը, այնպես էլ Մեծ մայր Խորիշահը համարվում են սրբեր։
      Հասան Ջալալ Դոլան իր իշխանության տակ գտնվող ամբողջ երկրամասը և հիմնականում Արևելյան Հայաստանը զերծ է պահել բռնազավթիչների վայրագություններից, վարել է մշակութային- շինարարական գործունեություն։
      Հասան-Ջալալյան արքայական-իշխանական տոհմի ժառանգական արտոնությունն էր նաև երկրամասի կաթողիկոսությունը։ Եվ, իրենց ձեռքում կենտրոնացնելով աշխարհիկ ու հոգևոր իշխանությունները, Խաչենը, հատկապես Գանձասարը, որտեղ ավանդության համաձայն թաղված է Ս. Հովհաննես Մկրտիչի գլուխը, դարձավ Հայոց Արևելից կողմանց կաթողիկոսության մշտական անփոփոխ նստավայրը և ամբողջ Արևելյան Հայաստանի հոգևոր ու քաղաքական կյանքի ամենանշանակալից կենտրոնը։
      XVIII դարում Գանձասարն էր հայ ազատագրական շարժման կենտրոնն ու ոգեշնչողը։ Գանձասարում է ձևավորվել հայոց ազգային-ազատագրական պայքարի գաղափարը, որի իրականացումը Գանձասարից էլ ղեկավարվում էր Եսայի Հասան Ջալալյան կաթողիկոսի առաջնորդությամբ։
      Հասան Ջալալի ժառանգները հայրենի Արցախը պահեցին անխաթար, առանց դադարեցնելու իշխանության գոյությունը, երբ Հայոց երկրի մյուս նահանգներում վերացել էին բնիկ իշխանությունները և տիրություն էին անում եկվոր բռնակալները։
      Մատենագիտական աղբյուրներում Առանշահիկ Հասան Ջալալյանները ճանաչված են «յազգե թագավորաց» կամ «արքայից զարմից» և հանդիսանում են ամենաերկարակյացը Հայկ Նահապետի ժառանգներից ու ամենաերկարակյաց թագավորական տունը Հայոց հողի վրա։
      Այդ տոհմի ժառանգները դարեր շարունակ իրականացնում են Հասան Ջալալ Դոլայի հայրենանվեր գործունեությունը և շարունակում նրա «Երկրի զարգացման, Հայրենիքի հզորացման, բարեգործական մշակութային-շինարարական ժառանգական քաղաքականությունը»։ Եվ, ինչպես գրում է Բագրատ ՈՒլուբաբյանը, «այդ տոհմածառը իրական պատմության մեջ անաղարտ է ու այդպես էլ շարունակվում է»։
      Դարեր շարունակ, հոգևոր և աշխարհիկ իշխանավորների ու նրանց հետ համագործակցած օտարազգի զավթիչներից հանգիստ չունեցան Առանշահիկները։ Իսկ 1900-ականների առաջին կեսից սկսած, Հասան Ջալալյանների ժառանգները և նրանց ընտանիքները բոլշևիկների կողմից ենթարկվել են հալածանքների, սպանությունների, աքսորի։ Հիմնականում ոչնչացվում են արական սերունդը։ Նրանցից կենդանի մնացածները (հիմնականում՝ երեխաներ, նորածիններ) ժամանակի ընթացքում բնակություն են հաստատել տարբեր երկրներում, որոնց տվյալները մեզ հայտնի չեն։ Խաչենում (Մեծառանք) փրկվածները ապրում են հիմնականում Վանք (Գանձասար) գյուղում, որտեղ Առանշահիկների ու նրանց ժառանգ Հասան Ջալալյանների մշտական նստավայրն է եղել։ Այդ գյուղում է գտնվում տոհմի ուղիղ ճյուղը շարունակող ժառանգների հայրական տունը, որտեղ ապրել է նաև Բաղդասար Մետրոպոլիտ Հասան Ջալալյանը։ Այդ տունը, որ ժառանգաբար փոխանցվել է Սարգիս բեկին, քանդվել է ու տեղում կառուցվել (1876 թ.) նորը և պատկանում է նրա ժառանգներին։
      Հասան Ջալալյան նշանավոր տոհմի անդամները, ժառանգները, խոհեմաբար գիտակցում են փոխանցված պարտավորությունը՝ հայրենի երկրի ու ժողովրդի հանդեպ, պարտավորությունը՝ նախնիների հիշատակի, նրանց ստեղծած սրբությունների պահպանման, պատվիրանների կատարման հանդեպ։ Այդ պարտավորության գիտակցումն է, որ Սաթենիկ Եսայի Բեկի Հասան Ջալալյանի ու Ալեքսանդր Համբարձումի Լալայանի (մայրը՝ Անուշկա Հասան Ջալալյան) թոռնուհի ժասմեն Ասրյանը (մկրտված տատի անվանումով՝ Սաթենիկ Հասան Ջալալյան) հիմնադրեց «Հասան Ջալալյաններ» Երկրի զարգացման, մշակութային, բարեգործական հիմնադրամը, որի ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ է նվիրյալների ակտիվ մասնակցությունը։

www.gandzasar.am, E-mail: info@gandzasar.am

© 2005 - 2023 Web designer