GANDZASAR.AM

Գլխավոր   «Հասան-Ջալալյաններ» հիմնադրամ   ԳԱՆՁԱՍԱՐ-770   Հասան Ջալալ   Գանձասարի պարսպի խնդիրները

 



1216 Թ. ԱՌԱՆՇԱՀԻԿ ՀԱՍԱՆ ՋԱԼԱԼԸ ՀՌՉԱԿՎԵՑ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԱՐՑԱԽԻ ԹԱԳԱՎՈՐ


"ԲՆԱԿԱՎՈՐ ԻՆՔՆԱԿԱԼ ԲԱՐՁՐ ԵՎ ՄԵԾ ԱՐՑԱԽԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ"

      1214 թվ. Ներքին Խաչենի կամ Խոխանաբերդի իշխանությունը Վախթանգ II-ից (Տանգիկ) հետո ժառանգում է նրա ավագ որդին՝ Հասան (Հայկազ) Ջալալը և նրանից սերված տոհմը կոչվում է Հասան Ջալալի տոհմ։
Նույն տարում վախճանվում է մեծ պապը՝ Հաթերքի տեր Վախթանգ Մեծը (Վախթանգ I), որի իշխանությունը նույնպես ժառանգում է Հասան Ջալալը։ Նրան է վստահվում նաև Վերին Խաչենի կամ Ծարի (Վայկունիք) իշխանությունը։ Եվ այսպես, Առանշահիկ տերերի եռաճյուղ իշխանական տիրույթների միավորված գահին բազմում է Առանշահիկ Վախթանգ II-ի և Բագրատունի Խորիշահի (Զաքարե Բագրատունու թոռ, Սարգիս Զաքարյանի դուստր, Զաքարե և Իվանե ամիրսպասալարների քույր) որդի Հասան Ջալալը։ Պատմական աղբյուրներում և տարբեր արձանագրություններում նշված են Հասան Ջալալի տիտղոսները. "Իշխան Խաչենոյ", "Տէր Խաչենոյ", "Տէր Խոխանաբերդոյ և Խաչենոյ", "Մեծ Իշխան", "Ինքնակալ Իշխանաց իշխան, տէր Խաչենոյ", "Խաչենաց Իշխան արքայաշուք", "Մեծ իշխան Խաչենոյ և կողմանցն Արցախոյ", "Մեծ կողմնակալ Աղուանից", "Իշխան Խաչենոյ և Առանայ", "Բարեպաշտ արքա Ջալալ", "թագաւոր Ջալալ Դովլա", "արքայ Ջալալ Դաւլա"։
Այս բոլոր տիտղոսները հաստատում են բուն հին Արցախի տարածքի վրա Հասան Ջալալի գահերեցությունը, մանավանդ, որ "նրանք զտարյուն ժառանգներն են Առանշահիկ տոհմի, որը երկու անգամ թագավորություն է վերահաստատել բռնակալ տերությունների աքցանի մեջ՝ մեկ Վաչագան Բարեպաշտ թագավորի ձեռքով, մեկ էլ Համամ Բարեպաշտ թագավորի"։
Աղբյուրները նրան ներկայացնում են ամբողջ Խաչենի, Արցախի, Առանի Մեծ իշխանի ու թագավորի։

Ըստ Բագրատ Ուլուբաբյանի