ԳԱՆՁԱՍԱՐ–770. ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆ ՏՈՀՄԻ ԺԱՌԱՆԳՆԵՐԻ ԿՈՉԸ ԱՇԽԱՐՀԻ ՀԱՅՈՒԹՅԱՆԸ





GANDZASAR.AM

Գլխավոր   «Հասան-Ջալալյաններ» հիմնադրամ   ԳԱՆՁԱՍԱՐ-770   Հասան Ջալալ   Գանձասարի պարսպի խնդիրները

 


ԳԱՆՁԱՍԱՐ – 770


ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆ ՏՈՀՄԻ ԺԱՌԱՆԳՆԵՐԻ ԿՈՉԸ ԱՇԽԱՐՀԻ ՀԱՅՈՒԹՅԱՆԸ

    2010 թվ. հուլիսի 11-ին ՝ Վարդավառի օրը լրանում է Հայոց Արցախի թագավոր, գահակալ Մեծ Իշխան, Առանշահիկ Հասան Ջալալի կառուցած Գանձասարի հռչակավոր վանքի օծման 770 –րդ տարին:
   Տարին հոբելյանական է և Գանձասարի 770 տարվա գոյությունը ոչ միայն նորանկախ Արցախի և արցախահայության, այլև համայն հայության հպարտությունն է:
1214 թվ. Վախթանգ II-ը վախճանվելիս, որդուն` Հասան Ջալալին և կնոջը` Բագրատունի Սարգիս ամիրսպասալարի դուստր, Զաքարեի և Իվանեի քույր Խորիշահին կտակել է` «զի շինեսցուք եկեղեցի ի գերեզմանատան հարց մերոց ի Գանձասար», որի կառուցումը սկսվել է 1216 թվ. և ավարտվել 1238 թվ.: Մահմեդականների զավթողական ավերիչ պատերազմների պատճառով վանքը օծվել է 1240 թվ., Վարդավառի օրը:
Գանձասարում են ամփոփված Հովհաննես Մկրտիչի գլուխը, Գրիգոր Լուսավորչի «օրէնուսոյց» սուրբ ծնոտը, Լուսավորչի թոռ Գրիգորիսի, Հովհաննես Մկրտիչի հայր Զաքարիայի, սուրբ Պանտալեոն բժշկի և այլ ուրիշ նահատակների նշխարները:
Խորհրդային կարգերի հաստատումով, ՌԿ(բ)Կ գլխավոր քարտուղար Ի.Ստալինի օժանդակությամբ 1923 թվ. հուլիսի 7-ին, Ղարաբաղի լեռնային մասը (հարթավայրային Ղարաբաղի մասին որևէ որոշում գոյություն չունի) հռչակվեց Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմում, որպես ինքնավար մարզ: Այդ օրվանից Գանձասարը դադարեց հոգևոր օջախ լինելուց:
Այսօր, թուրքական Ադրբեջանի տիրապետությունից ազատագրված Գանձասարը 770 տարեկան է:
Սա Հայոց ազատագրական պայքարի ներկա փուլի հոգևոր հզոր ջահ է և մեր պարտքն է` անել այնպես, որպեսզի այն դառնա մեր հետագա անցնելիք ճանապարհի լույսն ու ջերմացնող կրակը: Հասան-Ջալալյան տոհմի ժառանգները կոչ են անում Հայաստանի, Արցախի և աշխարհի բոլոր պետությունների Հայ համայնքներին.
  • Հուլիսի 11-ին` Վարդավառի օրը կազմակերպել և անցկացնել Գանձասարի 770 -ամյակին նվիրված համազգային տոնախմբություն:
  • Թող Հայոց Վարդավառին Հայոց Գանձասարն Աստծո կամոք և Աստծո հովանու ներքո քաջառողջություն ու երջանկություն, իմաստնություն ու խոհեմություն սփռի ձեր վրա, զորություն ու խաղաղություն բերի համայն Հայոց ազգին ու Հայոց աշխարհին` հանուն հազարամյակների խորքից եկող Հայ ոգու հաղթանակի:
 

ՈՂՋԱՄՏՈՒԹՅԱՆ   ԿՈՉ

ԱՇԽԱՐՀԻԿ ԵՎ ՀՈԳԵՎՈՐ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՆ ՈՒ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻՆ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻՆ, ՊԱՏՄԱԲԱՆՆԵՐԻՆ, ԳՐՈՂՆԵՐԻՆ, ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՆ, ՌԱԴԻՈ-ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ, ԲՈԼՈՐ ԹԵՐԹԵՐԻ ՈՒ ԱՄՍԱԳՐԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐԻՆ ԵՎ ՆՐԱՆՑ, ՈՎՔԵՐ ՄՏԱԴԻՐ ԵՆ ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆ ՏՈՀՄԻՆ ԵՎ ՆՐԱ ԺԱՌԱՆԳՆԵՐԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՈՐԵՎԷ ԵՐԵՎՈՒՅԹԻ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՄԲ ՀԱՆԴԵՍ ԳԱԼ, ՀՐԱՏԱՐԱԿԵԼ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ, ԽՄԲԱԳՐԵԼ, ԱՐԺԵՎՈՐԵԼ ԵՎ ԱՅԼՆ…
    Գաղտնիք չէ, որ վերջին տարիներին հայտնվում են մարդիկ, որոնք տարբեր առիթներով ու տարբեր միջոցներով կարող են իրենց հայտարարել (նաև հայտարարել տալ) որպես Հասան-Ջալալյան տոհմի ժառանգներ: Ինչպես և կան մարդիկ, որոնք ոչ միայն արժանի չեն կարող լինել այդ տոհմի ժառանգը համարվելուն, այլև, լինելով տոհմին պատկանող ժառանգ, վնաս կարող են հասցնել հազարավոր ու հարյուրավոր տարիների փառավոր նախնիների թողած պատմական, մշակութային ժառանգությանը, նրանց հիշատակին: Սակայն անտեղյակությունը նրանց նկատմամբ, կարող է ոչ համապատասխան արժեքներով գնահատելու առիթ դառնալ:
Գաղտնիք չէ նաև այն, որ որևէ ղեկավար կամ ի պաշտոնե իրավասու անձ, կարող է արգելքներ ստեղծել Հասան-Ջալալյան ժառանգների համար` նախնիների գործը շարունակելուն, նրանց ստեղծածն ու թողածը պահպանելուն խոչընդոտելով և հայտարարվել հերոսական ու փառավոր այդ տոհմի հիշատակի պահպանությունը հոգացող նվիրյալ:
Մինչդեռ`մեր նախնիների ազգային-քաղաքական-շինարարական-մշակութային գործունեությունը շարունակելը Հայոց ազգի դիվանագիտական մշակույթի հաջողության գրավականն է: Վերևում ասվածը հիմք ընդունելով, Հասան-Ջալալյան տոհմի ժառանգները կոչ են անում.
  • Զերծ մնալ արհեստականորեն ստեղծված կամ ներկայացվող տվյալների հրապարակումից,
  • Մինչ այսօր հրապարակված նյութերի` որոշ մարդկանց տոհմի ժառանգ լինելու ոչ ճիշտ տվյալները չօգտագործել,
  • Որևէ մեկին տոհմի ժառանգ անվանելու կամ տոհմին առնչվող որևէ գործունեությանը որևէ մեկի նվիրված հայտարարելու առաջարկության դեպքում զերծ մնալ խաթրաշահությունից ու լավ վճարվող գործարքից, եթե այդ տվյալը հաստատված չէ հավաստի փաստով:
Հասան-Ջալալյան տոհմի ժառանգներս, «Հասան-Ջալալյաններ» զարգացման, մշակութային, բարեգործական հիմնադրամի միջոցով պատրաստ ենք աջակցելու, պարզաբանելու և ճշտելու անհրաժեշտ տվյալը` հիմնականում Հասան-Ջալալյանների նստավայր Գանձասարում (գյուղ Վանք) ապրող ժառանգների վերաբերյալ, որը ենթակա է հրապարակման, հայտարարման, որևէ կայքէջում տեղադրման և այլն:

Հայտնում ենք, որ նման նեգատիվ երևույթները տոհմի ներկայացուցիչների կողմից կհանդիպեն հակազդեցության:

"ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆ" տոհմի ժառանգներ
www.gandzasar.am, E-mail: info@gandzasar.am